Հայկական «Աթենք» ընկերությունը Թբիլիսիում կբացի երկրորդ ֆիրմային խանութը

Հայկական «Աթենք» ընկերությունը Թբիլիսիում կբացի երկրորդ ֆիրմային խանութը

ՕՐԻԳԻՆԱԼ ՀՂՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին արտաքին առևտրաշրջանառության, մասնավորապես արտահանման ծավալների աճ է գրանցել, ինչը երկրի տնտեսության զարգացման մակարդակը բնութագրող առաջնային ցուցանիշներից է:

Վերջին տարիներին մեր երկիրն ընդլայնել է արտահանման ծավալները, գործընկեր երկրների ցանկն ու արտահանվող ապրանքների տեսակները: ՀՀ վիճակագրական կոմիտեի 2019 թվականի տվյալների համաձայն` Հայաստանը Վրաստանի 10 ամենախոշոր առևտրային գործընկերների շարքում է և հարևան երկիր արտահանում է հարյուրավոր ապրանքատեսակներ, որոնց ցանկում է նաև հայկական արտադրության մսամթերքը:

2020 թվականի մարտի 15-ին մսամթերք ու կիսաֆաբրիկատներ արտադրող հայկական խոշոր  «Աթենք» ընկերությունը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կբացի երկրորդ ֆիրմային խանութը՝  ներկայացնելով հայկական արտադրության  մսամթերքի  շուրջ 100 անուն ապրանքատեսակ:

Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Աթենքի» առաջին ֆիրմային խանութը բացվել է 2019 թվականի նոյեմբերին: Ժամանակի ընթացքում հայկական արտադրության մսամթերքը, շնորհիվ համի և որակի մեծ պահանջարկ ստացավ, և ընկերությունն ընդլայնեց արտահանման  ծավալները:  

«Աթենք» ընկերության սեփականատեր Պետրոս Ադամյանի հավաստմամբ, ֆիրմային խանութը Հայաստանի մասին պատմող այցեքարտերից մեկն է.

«Աթենք» ընկերության ռազմավարական նպատակներից է հայկական արտադրության մսամթերքի որակի կատարելագործումն ու հայկականի համն ու որակը միջազգային շուկայում ճանաչելի և պահանջված դարձնելը: Իրականում Հայաստանից դուրս ցանկացած հայկական արտադրանք ներկայացնող ընկերության ֆիրմային խանութ ունենալը հայկական արտադրության ավանդույթների, մշակույթի և զարգացման մասին վկայող փաստ է», - նշեց Պետրոս Ադամյանը:

Մինչև տարվա վերջ «Աթենք» ընկերությունը պլանավորում է Վրաստանում ունենալ 7 ֆիրմային խանութ: «Աթենք»-ի  առաջին ֆիրմային խանութը գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Պեկինի 25 հասցեում, երկրորդը գործելու է՝  Վաժա Փշավելա փողոցում: Հայտնի է նաև երրորդ ֆիրմային խանութի հասցեն՝  Չավչավաձե փողոց:

***

«Աթենք» ընկերությունը հիմնադրվել է 1993թ.-ին «Հայր և որդի Երիցյաններ» ՍՊԸ-ի կողմից և 15 տարի գործել է հայկական շուկայում՝  հետևողականորեն ընդլայնելով տեսականին ու ձևավորելով մսամթերքի տեղական արտադրության նոր մոտեցումներ: 2009թ.-ին «Աթենք» գործարանը ձեռք են բերում Ադամյան եղբայրները: Նոր սեփականատերերի խոշոր ներդրումների շնորհիվ իրականացվում է գործարանի ամբողջական տեխնիկական վերազինում եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով, ինչը զգալիորեն ավելացնում է արտադրական հզորությունները: Այսօր «Աթենք» ընկերությունն ունի երշիկի, մսային ուտեստների և կիսաֆաբրիկատների արտադրության մասնագիտացված 2 խոշոր գործարան և ներկայանում է ավելի քան 250 անուն ապրանքատեսակով: Արդեն երկար տարիներ «Աթենք» ընկերությունը  ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է:

ՙԱթենք՚ ընկերության երշիկի մասնագիտացված ֆիրմային խանութների ցանցը Հայաստանում ամենամեծն է՝ 11 խանութներից 9-ը գտնվում են Երևան քաղաքի տարբեր շրջաններում, 1 խանութ՝ Աբովյանում (Կոտայքի մարզ), և 1 խանութ Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտում:

13.03.2020