Աշխարհում տարածված համավարակի արդյունքում մեր երկրում շուրջ 2 ամիս հայտարարված արտակարգ դրության պայմաններում եղել են կազմակերպություններ, որոնք, չնայած դժվարություններին` ելնելով իրենց գործունեության առանձնահատկությունից, աշխատել եւ նույնիսկ նախաձեռնել են համարձակ ծրագրեր: Մսամթերք արտադրող հայաստանյան «Աթենք» ընկերությունը դրանցից մեկն է։
Ճգնաժամային իրավիճակում կառավարման գործունեության արդյունավետության ապահովման եւ թիմին մոտիվացնելու գործում մեծ է ղեկավարի անձի դերը:Կյանքի տարբեր փուլերում արդյունավետ որոշումների կայացման եւ ճգնաժամը որպես հնարավորություն օգտագործելու մասին զրուցել ենք «Աթենք» ընկերության սեփականատեր Պետրոս Ադամյանի հետ:
- Պարո՛ն Ադամյան, «Աթենք»-ն այն եզակի ընկերություններից է, որ համավարակի տարածումից եւ արտակարգ դրություն հայտարարվելուց հետո էլ շարունակեց արտադրական գործընթացը: Բացի այդ՝ հանդես եկաք նաեւ աջակցության ծրագրերով: Խոսենք այս պայմաններում Ձեր գործունեության եւ սահմանված առաջնահերթությունների մասին:
- Երկրի, պետության եւ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների հաղթահարումն ավելի դյուրին է դառնում միասնական պայքարի եւ համախմբվածության շնորհիվ: Սա գիտակցելով, այո´, չենք դադարեցրել մեր արտադրամասերի գործունեությունը եւ, իհարկե, աշխատանքները կազմակերպվել են սանիտարահիգիենիկ բոլոր պահանջներին ու նորմերին համապատասխան: Այս պայմաններում ոչ միայն չդադարեցրեցինք մեր գործունեությունը, այլեւ շարունակեցինք ներկայանալ համարձակ նախագծերով
Հպարտությամբ ուզում եմ նշել, որ մարտի 15-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բացեցինք «Աթենք» ընկերության 2-րդ ֆիրմային խանութը եւ արդեն որոշված է երրորդ խանութի վայրը: Սպառման ծավալները ցույց են տալիս, որ հայկական արտադրության մսամթերքը պահանջված է մեր հարեւան երկրում:
Լուսանկարը՝ «Աթենք»
Մեր քաղաքացիների անվտանգությունն ու գնումներ կատարելու հարմարավետությունն ապահովելու համար սեղմ ժամկետներում գործարկեցինք «Աթենք»-ի ֆիրմային առցանց խանութը, որը հնարավորություն է տալիս առանց տանից դուրս գալու, արագ ձեռք բերել թարմ մսամթերք։
Աջակցության ծրագրերին մասնակից լինելու մասին երկար խոսել չէի ցանկանա. այս դժվարին օրերին յուրաքանչյուրս պարտավոր ենք աջակցել ու օգնել ուժերի ներածին չափով՝ միանալով մեկուսացված քաղաքացիներին սննդով ապահովելու ծրագրին:
Մեզ համար սկզբունքային էր տարեցների նկատմամբ մեր խորը հարգանքն ու հոգատարությունն ինչ-որ կերպ արտահայտելը, այդ պատճառով «Եղե´ք առողջ» մակագրությամբ մսամթերքի փաթեթները հատուկ իրենց համար էինք պատրաստել, ուզում էինք, որ այդ փոքր օգնության միջոցով մեր ամենակարեւոր մաղթանքն ու ցանկությունը տեղ հասներ, եւ իմանային, որ մենք իրենց կողքին ենք:
Ինքս առանձնահատուկ վերաբերմունք ունեմ տարեցների նկատմամբ. մեծացել եմ հայկական ավանդական ընտանիքում, որտեղ մեծի հանդեպ հարգանքն ու հոգատարությունը եղել են առաջին տեղում: Այդ արժեքները փորձել եմ սերմանել նաեւ երեխաներիս մեջ: Նրանք տեսնում են իմ եւ ծնողներիս հարաբերությունները: Չնայած նրան, որ հայրս ու մայրս մեզնից առանձին են ապրում, բայց մինչեւ հիմա էլ ընդմիջման ժամին ես գնում եմ նրանց տուն՝ մորս ձեռքերով պատրաստածը համտեսելու եւ միասին ճաշելու համար: Հաճախ ենք ամբողջ ընտանիքով հավաքվում ընթրիքի սեղանի շուրջ: Ծնողներս էլ հազվադեպ են մենակ մնում, որովհետեւ թոռներից առնվազն մեկը միշտ նրանց տանն է:
- Ինչպես նշեցիք, մեծացել եք հայկական ավանդական ընտանիքում: Կպատմե՞ք Ձեր ընտանիքից, մանկությունից:
- Ծնվել, մեծացել եմ ուսուցիչների ընտանիքում: Երեք որդիներից միջնեկն եմ: Մանկությանս տարիների իմ ամենաջերմ հիշողություններն են աղմկոտ բակերում երեկոյան խաղերը, պապենական գյուղում անցկացրած ամառային արձակուրդները եւ ընտանեկան ուրախ հավաքույթները: Շատ էի սիրում կարդալ: Տանը մեծ գրադարան ունեինք, իսկ ընթերցանության եւ գրքերի նկատմամբ ունեցած սերը ծնողներիս շնորհիվ եմ ձեռք բերել։ Արկածային գրականության սիրահար էի, կարդում էի ու մտածում մարդու անսահման հնարավորությունների, մեծ երեւակայության, շրջապատող աշխարհի, արտաքին միջավայրի հետ մարդկության հարաբերությունների մասին: Խորհում էի, եւ ինչպես գրքերում, այնպես էլ դրանցից դուրս, փորձում էի փնտրել շատ հարցերի պատասխաններ: Ինձ թվում էր, որ ապագաս հումանիտար բնագավառում է՝ փիլիսոփայություն, հասարակագիտություն, կառավարում... բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց. ես հայտնվեցի «թվերի աշխարհում»: