ԵՐԵՎԱն, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը շարունակում է ընդլայնել արտահանման ծավալները, ինչի մասին վկայում է տեղական բիզնեսի ակտիվությունն արտաքին շուկաներում: Արտահանումը ձեռնարկության զարգացման կարևորագույն խթան է, նոր փուլ և ռազմավարական քայլ, ինչպես բիզնեսի ընդլայնման, այնպես էլ տվյալ երկրի տնտեսական աճի տեսանկյունից:
«Աթենք» ընկերությունը, որը հիմնադրվել է 1993թ.-ին և Հայաստանի մսամթերք ու կիսաֆաբրիկատներ արտադրող խոշոր ընկերություններից է, 2020 թվականի մարտի 15-ին Վրաստանում բացել է երկրորդ ֆիրմային խանութը:
Վրացական շուկա մուտք գործելու, ընկերության գործունեության ու հետագա ծրագրերի մասին զրուցել ենք «Աթենք» ընկերության սեփականատեր Պետրոս Ադամյանի հետ:
Արդեն երկար տարիներ է՝ «Աթենք» ընկերությունը տեղական շուկայի առաջատարներից է, որի արտադրանքն այժմ ներկայացվում է նաև Վրաստանում: Ե՞րբ և ինչպե՞ս կայացրիք արտաքին շուկա դուրս գալու որոշումը:
Հիմնադրման օրվանից «Աթենք» ընկերությունը հայկական շուկայում հետևողականորեն ձևավորում է մսամթերքի տեղական արտադրության նոր մոտեցումներ:
2009 թվականից «Աթենք» ընկերության համար նոր շրջափուլ սկսվեց: Խոշոր ներդրումների արդյունքում գործարանն ամբողջապես վերազինվեց եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով, ինչը զգալիորեն ավելացրեց արտադրական հզորությունը: Որպեսզի պատկերացնեք, ասեմ, որ «Աթենքն» իր գործունեությունը սկսել է ընդամենը 3 տեսակի երշիկի արտադրությունից: Իսկ այսօր ընկերությունն ունի երշիկի, մսային ուտեստների և կիսաֆաբրիկատների արտադրության մասնագիտացված 2 խոշոր գործարան և ներկայանում է ավելի քան 250 անուն ապրանքատեսակով:

Ընկերությունը ձեռք բերելու պահից մեր ռազմավարությունն ինչպես բիզնեսի զարգացումը, սեփական արտադրանքի որակի ապահովումն ու գործունեության ընդլայնումն էր, այնպես էլ՝ հայկական արտադրանքի համն ու որակը միջազգային շուկայում ճանաչելի և պահանջված դարձնելը: Երկար տարիներ է, ինչ արտահանում ենք, բայց ծավալները փոքր են եղել. հիմնականում անհատական պատվերներ: Ժամանակի ընթացքում ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ սեգմենտում պահանջարկի աճ նկատվեց: Մսամթերքի մատակարար դառնալու համագործակցության առաջարկներ էինք ստանում վրացական մի շարք ընկերություններից, խանութների ցանցերից: Համագործակցության արդյունքում բավականին մեծ հաջողություններ գրանցեցինք, ինչն էլ մեզ ոգևորեց ընդլայնել արտահանման ծավալները:Սկսեցինք մտածել մեր հայկական արտադրանքը Վրաստանում ներկայացնելու այլ ձևաչափերի մասին: Այս ուղղությամբ արված առաջին քայլը Վրաստանում ֆիրմային խանութ բացելն էր:
Ո՞րն է Վրաստանում ֆիրմային խանութ ունենալու առավելությունը:
Երբ սկսվել էին արտահանման հետ կապված բանակցությունները, արդեն իսկ նպատակ ունեինք ՀՀ սահմաններից դուրս մեր արտադրանքը ներկայացնել հենց ֆիրմային խանութներում: Իհարկե, վերջնական որոշումը կայացրինք վրացական շուկան ուսումնասիրելու արդյունքում: Ինչ վերաբերվում է առավելությանը, իրականում ֆիրմային խանութը մեր երկրի մասին պատմող այցեքարտերից մեկն է: Այս տեսանկյունից էլ կարող ենք ասել, որ ցանկացած հայկական արտադրանք ներկայացնող ֆիրմային խանութ ունենալը ևս մեկ անգամ հայկական արտադրության մշակույթի և զարգացման մասին վկայող փաստ է: Այն սպառողին ամբողջական ապրանքատեսականիով ներկայանալու հնարավորություն է տալիս: Առաջին ֆիրմային խանութը բացել ենք 2019 թվականի նոյեմբերին և մի քանի ամսում բավականին լավ արդյունքներ գրանցել, ուստի նախաձեռնեցինք երկրորդ ֆիրմային խանութի բացումը: Վրաստան մենք արտահանում ենք շուրջ 100 անուն ապրանքատեսակ, որոնք ներկայացված են ինչպես մեր ֆիրմային խանութներում, որոշ մասը այլ առևտրի կետերում:

Որո՞նք են վրացական շուկա մուտք գործելու առանձնահատկությունները: Բախվել ե՞ք արդյոք դժվարությունների:
Արտաքին շուկա դուրս գալը մեր բիզնեսը միջազգայնացնելու առաջին քայլն է: Այն ռազմավարական քայլ է, որը հետագայում,իհարկե, իր դերը կունենա մեր ընկերության թե՜ ներքին, թե՜ արտաքին գործընթացների վերաբերյալ որոշումների կայացման հարցում:
Ուստի կարելի է ասել, որ հսկայական փորձ է մեզ համար. սկսած նրանից,որ վրացական շուկան հասկանալու համար բազմակողմանի հետազոտություն ենք իրականացրել՝ բացահայտել դրա առանձնահատկությունները, սեգմենտավորել սպառողական խմբերը, ուսումնասիրել նրանց պահանջմունքները, պահանջարկի ծավալը, գերադասելի զեղչային համակարգերը,մշակութային առանձնահատկությունները, նույնիսկ բանակցություններ վարելու նրբությունները:
Ինչ վերաբերում է դժվարություններին, դրանք գրեթե չեն եղել. բնականոն բանակցային գործընթաց էր: Իսկ եթե գործողությունները իրականացվում են Վրաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և բոլոր անհրաժեշտ ընթացակարգերով, ամեն ինչ սահուն է ընթանում։ Մեր արտադրանքն էլ իր հերթին հապատասխանում է բոլոր չափանիշներին ու նորմերին:
Հիմնվելով Ձեր ընկերության փորձի և իրականացված ուսումնասիրությունների վրա՝ կարող ե՞նք ասել, որ հայկական մսամթերքը նմանատիպ այլ ապրանքների մեջ մրցունակ է վրացական շուկայում:
Միանշանակ, այո՜: Հատկանշական է, որ հայ և վրացի սպառողներն ունեն որոշակի նմանություններ, որոնք մենք հասկացանք այնտեղ աշխատելու ընթացքում: Վրացի սպառողը ևս կարևորում է արտադրանքի արտաքին տեսքը, թարմությունը, նրանք գնահատում են գին-որակ հարաբերակցությունը, մսամթերք արտադրող երկիրը, ապրանքատեսականին: Չնայած նրան, որ մեր ընկերության արտադրանքը միջինից բարձր գնային սեգմենտում է, մեր փորձից ու ուսումնասիրություններից կարող ենք փաստել, որ վրացի սպառողի համար հայկական արտադրության մսամթերքը մեծ պահանջարկ ունի:
Կպատմե՞ք «Աթենք»-ի առաջիկա ծրագրերի մասին: Հայակական արտադրության մսամթերք՝ ի դեմս «Աթենք»-ի արտադրանքի կհանդիպե՞նք նաև այլ շուկաներում:
Վրաստանի հետ կապված ունենք ծրագրեր. մինչև 2020 թվականի վերջ նախատեսում ենք ունենալ 7 ֆիրմային խանութ: Այս համատեքստում նշեմ, որ այսօր մսամթերքի մասնագիտացված ֆիրմային խանութների մեր ցանցն ամենամեծն է Հայաստանում: Թվով 11 խանութներից 9-ը գտնվում են Երևանում, 1-ը՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում և, 1-ն արդեն Լեռնային Ղարաբաղում՝Ստեփանակերտում: Իհարկե, հայկական արտադրանքն աշխարհում ճանաչելի դարձնելու մեր մեծ ցանկությամբ ու առաքելությամբ դիտարկում ենք նաև մի քանի այլ երկների շուկաներ`հասկանալու համար դրանց ներուժը: Սրանք մոտ ապագայի պլաններ են, որոնց մասին դեռ կխոսենք: